Երևանի «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել. Փրկարար ծառայություն

14.05.2009, 20:40
Երևանի «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով  վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել. Փրկարար ծառայություն

Երևանի «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել, այդ մասին դեպքի վայրից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանին:

Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 17:40-ի սահմաններում: Կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։  Ոստիկանները շրջափակել են գործարանի շրջակա տարածքը:

«Շտապ օգնության» տվյալներով՝ երկու մարդ է զոհվել և չորսը վիրավորվել է:

Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է գործարանի չորս աշխատակիցների որոնումը, որոնք պայթյունի պահին գտնվում էին արտադրամասում, սակայն զոհերի մասին հստակ տվյալներ փրկարար ծառայությունը դեռևս չունի:

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։  

Գործարանի միջին ամսական հզորությունը 700-750 տոննա արտադրանք է կազմում, սակայն իրական ամսական ծավալները տատանվում են 900-950-ից մինչև 500 տոննա քլորոպրենային կաուչուկ։ -0-