Թուրքական քաղաքականությունը հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ ունի. փորձագետ

13.01.2009, 18:31
Թուրքական քաղաքականությունը հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ ունի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական քաղաքականությունը նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդին, կարծում է ԵՊՀ տեսական փիլիսոփայության ու տրամաբանության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Թուրքական կողմի բոլոր արդարացումներն այն մասին, որ 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունները կապված էին առաջին համաշխարհայինի դեպքերի հետ և դրանց հիմնական մեղավորը քուրդ անկանոն զորամասերն էին, հերքվում են նրանով, որ 1918 թ.-ին թուրքական բանակի կանոնավոր զորամասերը՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ, Սարդարապատից մինչև Բաքու իրենց ճանապարհին կոտորում էին հայ բնակչությանը»,- ավելացրեց նա։  

Նրա կարծիքով, հայ ժողովրդի ցեղասպանություն է տեղի ունեցել ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև Ադրբեջանում 20-րդ դարի վերջին։ «Հետազոտելով Արևմտյան Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերը, նկատում ենք, որ միշտ հայերը զոհն են, իսկ թուրքերը՝ մեղավոր կողմը»,- հայտարարեց Մանասյանը։    

Մանասյանի կարծիքով, 1990 թ.-ի Բաքվի ջարդերը, որի ողբերգական տարելիցը Հայաստանը նշում է այսօր, հայ ժողովրդին ոչնչացնելու թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ «Արդեն 1992 թ.-ին հայերին տեղահանել էին Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց հայրենի հողերից, բայց մենք դա չենք կարող ապացուցել միջազգային հանրությանը»,- ավելացրեց նա։   

Մանասյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ակտիվորեն միջազգային հանրությանը ներկայացնի Ադրբեջանում հայերի ցեղասպանության հարցը և հայ փախստականների խնդիրները։ Նրա խոսքերով, ինքն արդեն 10 տարի է ասում է այս մասին, սակայն այս միտքը դժվարությամբ է աջակցություն գտնում հայ հասարակությսն շրջանում։  

Նա նաև կոչ արեց ավելի ակտիվորեն աջակցել Գրիգոր Այվազյանի գլխավորությամբ Ադրբեջանի հայերի ասամբլեայի աշխատանքներին, որոնք ուղղված են Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչմանը։

1990 թ.-ի հունվարի 12-ից Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի նպատակաուղղված ջարդեր են սկսվել, որոնք շարունակվել են մի քանի օր։ Արդյունքում Բաքվում ապրող նախկին 300 հազար հայերից մնաց շուրջ 30-35 հազար մարդ, որոնց մեծ մասը ծերեր են։ Ջարդերը շարունակվել են մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք են մտցվել խորհրդային զորքերը։ --0--