Ռազմահայրենասիրական դաստիարակությունը երկրի անվտանգության ապահովման տարրերից մեկն է. ՀՀ պաշտպանության նախարար

Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը երկրի անվտանգության ապահովման տարրերից մեկն է, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Յուրաքանչյուր պետության ռազմական ներուժը՝ ուղղված սեփական անվտանգության ապահովմանը, ներառում է տնտեսությունը՝ իր բոլոր ոլորտներով, բանակը, ինչպես նաև աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը», - ասել է Օհանյանը շաբաթ օրը՝ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված խորհրդակցության ընթացքում։
«Այս բոլոր բաղկացուցիչ մասերի զուգահեռ զարգացումը միայն կարող է ապահովել երկրի անվտանգությունը, հատկապես մեր տարածաշրջանում», - ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքերով, նման խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվում են դպրոցներում նախնական զինվորական պատրաստվածության և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ ծրագրերի իրականացման արդյունքները, ավանդական է դարձել։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս զինղեկների պատրաստվածությանը և հաջորդ տարի ծրագրում ենք առավել բարձր մակարդակի հասցնել նախնական զինվորական պատրաստվածության առարկայի ուսուցիչների ուսումնամեթոդական հավաքների անցկացումը և կատարելագործել ուսումնանյութական բազան», - նշել է նախարարը։
Նրա խոսքերով, խորհրդակցության ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են արվել ուսումնական հաստատություններում ռազմական սենյակների ստեղծման, հրաձգարանների և մարզական օբյեկտների կառուցման վերաբերյալ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն իր հերթին նշել է, որ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրն իր ղեկավարած կառույցի համար ունի սկզբունքային նշանակություն։ «Կրթության համակարգը տալիս է ոչ միայն գիտելիքներ, այլև պատրաստում է հայրենիքի ապագա պաշտպաններին», - ասել է նա լրագրողներին։
Խորհրդակցությանը, մասնավորապես, ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, հայտնի գրող և հրապարակախոս Զորի Բալայանը, զինկոմներ և զինղեկեր, դպրոցների տնօրեններ։
Զեկույցով հանդես եկած ՀՀ զինվորական կոմիսար Կամո Քոչունցը նշել է, որ 2008թ. ՌՀԴ (ռազմահայրենասիրական դաստիարակություն) ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են։-0-