Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչն է. հայ խորհրդարանական

17.09.2008, 19:47
Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչն է. հայ խորհրդարանական
Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչն է. հայ խորհրդարանական

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, ինչը հնարավորություններ է ընձեռում Հարավկովկասյան տարածաշրջանում փոխվստահության հնարավորությունների ստեղծման  և համագործակցության ձևավորման համար, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը խորհրդարանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոնի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես չորեքշաբթի ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, հանդիպման ընթացքում նշվեց, որ հանձնաժողովի  հիմնական նպատակն է ամրապնդել միջխորհրդարանական կապերը և այս առումով կարևոր է փոխգործակցության զարգացումը ՆԱՏՕ ԽՎ-ի և ՆԱՏՕ-ի հետ ընդհանրապես:  

Ռուստամյանի խոսքով, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ: Նա կարծում է, որ համատեղ իրականացվող ծրագրերը խթանում են երկրի պաշտպանական համակարգի բարեփոխման գործընթացը:

Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, պարոն Ռուստամյանի կարծիքով, նաև մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս հավասարակշռել թե երկկողմ, թե բազմակողմ հարաբերությունները:

Իր հերթին Լելյոն, ընդգծելով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության կարևորությունը, նշեց, որ հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունենում ՆԱՏՕ ԽՎ աշխատանքներին: 

ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում զարգացնել հարաբերությունները Եվրատլանտյան շատ երկրների հետ և, մասնավորապես, Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է:--0--