Հայաստանը չպետք է համեմատի Ղարաբաղի իրավիճակը աբխազական ու հարավօսական հակամարտությունների հետ. քաղաքագետ

04.09.2008, 18:14
Հայաստանը չպետք է համեմատի Ղարաբաղի իրավիճակը աբխազական ու հարավօսական հակամարտությունների հետ. քաղաքագետ

Հայաստանի համար ճիշտ չի լինի համեմատել և զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի իրավիճակի և աբխազական ու հարավօսական հակամարտությունների միջև, կարծում է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման առնչությամբ Երևանի դիրքորոշման մասին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության պարագայում Հայաստանը չի կարող ճանաչել նմանատիպ իրադրության մեջ գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

«Քանի որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ ինքը՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի անգամ պաշտոնապես ոչ մի երկրի չի դիմել իր անկախությունը ճանաչելու հայցով, մի կողմից պետք չէ զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի ու Կոսովոյի, մյուս կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև»,- չորեքշաբթի Շաքարյանցն ասաց լրագրողներին։

Ընդ որում նա ավելացրեց, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդները վերջին 5 տարվա ընթացքում անընդհատ դիմել են Ռուսաստանին իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով, և նրանց ջանքերը վերջապես հաջողությամբ պսակվեցին։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 26-ին հայտնեց , որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին հրամանագրեր է ստորագրել։ Դրան նախորդել էր օգոստոսի 8-ին վրացական զորքի ներխուժումը Հարավային Օսեթիայի տարածք և դրան հաջորդած՝ Վրաստանին խաղաղության դրդող ռուսական օպերացիան։

Այդ առնչությամբ Շաքարյանցը կարծիք է հայտնել այն մասին, որ վերջին իրադարձությունների քողի տակ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ուշացել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում։

«Փոքր ժողովուրդները հենց Ղարաբաղից հետո հասկացան, որ կարելի է ինքնորոշման հարց բարձրացնել, որն ինչպես էլ լինի անպատասխան չի մնա»,- ընդգծեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-