Հայաստանում հրատարակվել են Ներսես Շնորհալի Հայրապետի Մատթեոսի Ավետարանի մեկնությունները

02.07.2008, 14:24
Հայաստանում հրատարակվել են Ներսես Շնորհալի Հայրապետի Մատթեոսի Ավետարանի մեկնությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի Մատթեոսի Ավետարանի մեկնության աշխարհաբար թարգմանությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ներսես Շնորհալին (1102-1172/73) հայ գրող ու եկեղեցական գործիչ է, 1166 թ.-ից՝ Կաթողիկոս։

Շնորհալին մեկնությունները գրել է եպիսկոպոսության շրջանում՝ Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսի թելադրանքով: Աշխատանքն ամբողջական չէ։ Ներսես Շնորհալին իր մեկնությունը հասցրել է մինչև Մատթեոսի Ավետարանի Ե գլխի 17 համարը։

«Չնայած անավարտությանը` մեկնությունն աչքի է ընկնում Ընդհանրական Եկեղեցու Հայրերի նույնանուն մեկնությունների վերաշարադրումով և հեղինակի սեփական մտածումներով։ Շնորհալին իր մեկնության մեջ անդրադարձել է նաև Տիրոջ մարդեղության վերաբերյալ Հայ Եկեղեցու որդեգրած դավանաբանական սկզբունքներին», - նշեցին տեղեկատվական համակարգից։

Աշխարհաբար թարգմանությունը կատարել է Սեդա Ստամբոլցյանը։ Որպես աղբյուր ծառայել է Կոստանդնուպոլսի 1825թ. հրատարակությունը։

Ներսես Շնորհալու մեկնությունների նոր հրատարակությունը տպագրվել է «Արմեն և Նունե Սարգսյաններ» հիմնադրամի մեկենասությամբ:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:-0-