Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին դրույթ չկա. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին դրույթ չկա, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը КоммерсантЪ Daily-ին տված հարցազրույցում։
«Մենք միշտ ասել ենք և այժմ էլ ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին դրույթ չկա։ Իսկ դիտողությունները, որ մեր երկիրը երբեք այս մասին հստակ չի արտահայտվել, ես ճիշտ չեմ համարում։ Մենք պարբերաբար դա արել ենք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակվա պաշտպանության նախարարի շուրթերից», - ասել ՀՀ նախագահը։
Նրա խոսքերով, Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը ճանաչողական բնույթի միջոցառում է, որն առաջին անգամը չէ, որ անցկացվում է։ «Երևանում, ինչպես և Մոսկվայում, կա ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն։ Եվ մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները դաշինքի հետ՝ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում», - ավելացրել է Սարգսյանը։
Նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է, ՀՀ նախագահն ասել է, որ «եթե մեր տարածքում գտնվում են ռուսական զորքերն ու ռազմական բազան, ապա, բնականաբար, ՆԱՏՕ մուտք գործելը կդիտարկվի որպես հակառուսական քայլ»։
Նրա կարծիքով, մի բազաները մյուսով փոխարինելու համար լուրջ մոտիվներ են անհրաժեշտ։
Խոսելով 2008 թ.-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության կապակցությամբ այդ կազմակերպության բարեփոխման ծրագրերի մասին՝ Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ-ն արմատական բարեփոխման կարիք չունի։
«Հայաստանին շահավետ է լինել ՀԱՊԿ անդամ։ Մենք ստեղծել ենք մեր զինված ուժերը՝ խորհրդային դոկտրինի հիման վրա, և նրանք զինված են խորհրդային ռազմական տեխնիկայով։ Այսօր գրեթե մեր բոլոր սպառազինությունը կամ խորհրդային է, կամ ռուսական։ Այս ամենն անհրաժեշտ է պահել, արդիականացնել և համալրել։ ՀԱՊԿ-ն տալիս է նման հնարավորություններ։ Մենք այնտեղ ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ պայմաններ ունենք, և դա մեզ ձեռնտու է», - ասել է նախագահը։-0-