Հայաստանը հավասարակշռված է համարում ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը. պատվիրակության ղեկավար

26.06.2008, 10:51
Հայաստանը հավասարակշռված է համարում ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը. պատվիրակության ղեկավար
Հայաստանը հավասարակշռված է համարում ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը. պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հավասարակշռված է համարում թիվ 1609 բանաձևի առնչությամբ ԵԽԽՎ-ում քննարկվելիք փաստաթղթի նախագիծը։

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է Հայաստանին մինչև Վեհաժողովի հունվարյան նստաշրջանը ժամանակ տրամադրել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի կատարման համար։ ԵԽԽՎ ապրիլյան բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, որը մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում էր Վեհաժողովում զրկվել ձայնի իրավունքից։ Նախագիծը քննարկման էր ներկայացվել հունիսի 25-ին։

«Մենք ցանկանում ենք հասնել ավելի կոնկրետ ձևակերպված պահանջների, որոնք իրավաբանական տեսակետից կլինեին անխոցելի և իրական, հակառակ դեպքում փաստաթղթի արժեքը կտրուկ կընկնի», - ասել է Հարությունյանը Ստրասբուրգում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, հայկական պատվիրակությունը փաստաթղթի նախնական տարբերակում մտցրել է շուրջ երկու տասնյակ փոփոխություններ, որոնց մի մասը կրում էր խմբագրական բնույթ, իսկ մի քանիսը «շատ կարևոր են հայկական կողմի համար»։

«Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կարող էին քննարկումների ժամանակ ավելացումներ ներկայացնել մեր առաջարկություններին, և նրանք օգտվեցին այդ իրավունքից։ Ընդհանուր առմամբ, մենք եկանք բավականին հավասարակշռված փաստաթղթի, որը կարող է իրագործվել և մեզ համար ուղեցույց դառնալ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում», - ասել է Հարությունյանը։-0-