Մայրաքաղաքի դպրոցականներն ընտրել են Երևանի յոթ հրաշալիքները
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքի դպրոցականներն ընտրել են Երևանի յոթ հրաշալիքները, ուրբաթ լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
««Ճանաչիր մայրաքաղաքը» մրցույթի շրջանակներում մենք դպրոցականներին խնդրեցինք ընտրել Երևանի յոթ հրաշալիքները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մրցույթի ժյուրին ս.թ. հունվարից-մայիսն ընկած ժամանակահատվածում ստացել է մեծ քանակությամբ ամենատարբեր և անսպասելի առաջարկներ։
Մրցույթի արդյունքների համաձայն, Երևանի յոթ տեսարժան վայրեր են ճանաչվել՝ Մատենադարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Հանրապետության հրապարակը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Կասկադ» ճարտարապետական համալիրը և Սասունցի Դավթի հուշարձանը։
Արեյանն ավելացրեց, որ Երևանի պոտենցիալ հրաշալիքների թվում մրցույթի մասնակից 148 անհատական և խմբակային աշխատանքների հեղինակները նշել են նաև Երևանի քաղաքապետարանի շենքը, Երևանի աղջիկներին, 114-ամյա թթենին։--0—

