ՀՀ վարչապետը մասնակցում է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում է Մինսկում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, այսօր առավոտյան նիստի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Վլադիմիր Գուրգենիձեի հետ՝ շնորհավորելով նրան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։
Նախատեսված են նաև Կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպումները նեղ և ընդլայնված ձևաչափերով, փաստաթղթերի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս։
Նիստի ընթացքում նախատեսվում է, մասնավորապես, քննարկել հարցեր՝ կապված ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հանձնարարականների կատարման հետ՝ Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման, պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ոլորտում առաջարկների, ինչպես նաև արդյունաբերական անվտանգությունը բարձրացնելու համատեղ համալի միջոցառումներ պատրաստելու առնչությամբ։
Նախատեսվում է նաև քննարկել ԱՊՀ անդամ-պետությունների սահմանային համագործակցության մասին կոնվենցիան, ԱՊՀ պետությունների աշխատող-միջրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների և հանդիսությունների պատրաստման և տոնակատարության որոշման նախագիծը։
ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները որոշում են ընդունելու նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակը» միասնական հոբելյանական մեդալի մասին։
Քննարկվելու են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցները, ինչպես նաև ԱՊՀ-անդամ պետությունների 2008-2015թթ. ավտոճանապարհային կամուրջների շահագործման հուսալիությունը բարձրացնելու հայեցակարգը։
ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկելու են նաև «Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարույթան ակադեմիա» կրթական հաստատությանը ԱՊՀ անդամ-պետությունների միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերապատրաստման հարցերով բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու հարցը։--0—