Հայաստանի օմբուդսմենը ողջունում է «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չափազանց դրական է գնահատում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի բացումը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։
«Կարծում եմ, որ «ՌԻԱ Նովոստին», որպես հայտնի միջազգային գործակալություն, գործունեության լայն դաշտ ունի, և նա իր հետ որակ ու միջազգային չափանիշներ կբերի երկրի տեղեկատվական դաշտ, իսկ մեր գրասենյակը հաճույքով կհամագործակցի գործակալության հետ»,- «Նովոստի» մամուլի կենտրոնի շնորհանդեսի ժամանակ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց նա։
Օմբուդսմենի խոսքերով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, լինելով որոշակի նորությունների սկզբնաղբյուր, կարիք ունի որակյալ տեղեկատվական ինստիտուտների, որոնք կարողանային առաջնայինը տարբերել երկրորդայինից, ճիշտ մատուցել նորությունը հասարակությանը։
«Նման ինստիտուտների հասարակական գործունեությունը կարող է նպաստել մեր գրասենյակի գործունեության առավել արդյունավետությանը, քանի որ նրանք ապահովում են հասարակական ինստիտուտների և հասարակության միջև կապը, և այս հարթության վրա ապահովում են այն օրգանական կապը, որն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հասարակությունը զգա ամբողջականությունը»,- ասաց նա։
Երևանում չորեքշաբթի սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։
Կենտրոնը բարձր-տեխնոլոգիական մուլտիմեդիայի մամուլի հարթակ է, որը հնարավորություն կտա օգտվելով կապի ժամանակակից բոլոր համակարգերից՝ իրական ժամանակի ռեժիմում աշխարհի գրեթե ցանկացած կետի հետ անցկացնել ասուլիսներ և տեսակամուրջներ։
«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առավել հայտնի և պրոֆեսիոնալ տեղեկատվական ռեսուրսներից է, որը լուսաբանում է երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։
2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։
Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։
«ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը Ռուսաստանում և արտերկրում օպերատիվ տեղեկատվության առավել հեղինակավոր և պրոֆեսիոնալ աղբյուրներից մեկն է։
Գործակալությունն ունի թղթակիցների լայն ցանց՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ-ում և աշխարհի ավելի քան 40 երկրներում։
Ամեն օր ինտերնետ-ցանցում և էլեկտրոնային կապի միջոցներով «ՌԻԱ Նովոստին» տարածում է հասարակական, քաղաքական, տնտեսական, գիտական, ֆինանսական տեղեկատվություն՝ ռուսերեն, արաբերեն և եվրոպական լեզուներով։
«ՌԻԱ Նովոստին» այսօր տեղեկատվական բաց հարթակ է (մամուլի-ակումբ) ՝ մամուլի միջոցառումների և լրագրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար։ Գործակալության թարգմանչական ծառայությունում ընդգրկված են ավելի քան 90 բարձրակարգ թարգմանիչներ, որոնք գործակալության տեղեկատվությունը մատուցում են 12 լեզուներով։ -0-