Հայաստանը «Եվրատեսիլ-2008»-ում ներկայացնելու է վառ շոու. ՀՀՀ պրոդյուսեր

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Բելգրադում կայանալիք «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում վառ և անմոռանալի շոու կներկայացնի, որը համապատասխանում է երգին և Հայաստանը ներկայացնող հայտնի երգչուհի Սիրուշոյի իմիջին, ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։
Ինչպես նա լրագրողներին տեղեկացրեց երկուշաբթի, բեմադրության հեղինակը «Սթրիթ-ջազ» բալետային խմբի պարուսույց Սերգեյ Մադրիկն է, որը համագործակցում է ռուսական հայտնի «Ֆաբրիկա զվյոզդ» երաժշտական նախագծի հետ։
Նա նաև նշեց, որ Սիրուշոյի բեմական հագուստը կարել է հայ մոդելավորող Արևիկ Սիմոնյանը։
Քեշիշյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը Բելգրադ կմեկնի մայիսի 11-ին։ Բացի երգչուհուց և ՀՀՀ պրոդյուսերից, պատվիրակության կազմում են նաև «Եվրատեսիլ-2006»-ի մասնակից Անդրեն և «Եվրատեսիլ-2007»-ի մասնակից Հայկոն, բեք-վոկալիստներ Տիրգրան Պետրոսյանը և Ռազմիկ Ամյանը, հայկական պատվիրակության համակարգող Դիանա Մնացականյանը։
Մինչև Բելգրադ մեկնելը Սիրուշոն պրոմո-համերգներ կունենա Հունաստանում և Ռուսաստանում։ «Ես արդեն հասցրել եմ լինել շատ եվրոպական երկրներում, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին հայկական համայնքի ներկայացուցիչները և տեղի բնակիչները»,- լրագրողներին հայտնեց Սիրուշոն։
Երգշուհին համերգներ է ունեցել Վրաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Չեխիայում, Իսպանիայում և Հոլանդիայում։
«Մրցույթի մասնակիցների միջև բարեկամական հարաբերություններ են հաստատվել, քանի որ մենք ներկայացնում ենք տարբեր ժանրերի յուրատեսակ երաժշտություն»,- նկատեց Սիրուշոն։
«Եվրատեսիլ-2008» մրցույթում Սիրուշոն ներկայացնելու է «Քելե-քելե» երգը, որն ընտրվել է հեռուստադիտողների SMS-քվեարկության արդյունքում։ Երաժշտության հեղինակը Արթուր Տեր-Հովակիմյանն է, իսկ բառերը գրել է Սիրուշոն։
Վիճակահանության արդյունքներով, «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում Սիրուշոն ելույթ կունենա 14 համարի տակ։--0—