Այսօր Հայաստանում հանվում են ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված ԱԴ ռեժիմի շրջանակներում

Այսօրվանից հայկական ԶԼՄ-ները կարող են ավելի ազատ աշխատել` Երևանում գործող արտակարգ դրության պայմաններում` մասնավորապես, ձեռնպահ մնալով ապակայունացնող տեղեկատվության և անօրինական միջոցառումներին մասնակցելու կոչերի հրապարակումից։
Ուրբաթ՝ մարտի 14-ին, ուժի մեջ է մտնում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր հրամանագիրը, որով չեղյալ են համարվում ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի պատճառով մարտի 1-ից 20 օր ժամկետով արտակարգ դրության մասին հրամանագրի շրջանակներում:
ՀՀ նախագահի նոր հրամանագրի համաձայն՝ հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը»։ Արգելվում են ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։
Հրամանագրի սկզբնական խմբագրությունը նախատեսում էր, որ պետական և ներքաղաքական հարցերի հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները իրագործվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում։
Միաժամանակ դեռևս վերսկսված չէ մի շարք հայկական ընդդիմադիր բնույթի էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեությունը, ուրբաթ նաև լույս չեն տեսել որոշ թերթեր, որոնք չեն հրատարկվում Երևանում ԱԴ մտցնելուց հետո։
Չորեքշաբթի մի շարք ԶԼՄ-ներ տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ ստեղծված իրավիճակում ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու և տարածելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, խախտվում են խոսքի և մամուլի ազատության համընդհանուր սկզբունքները, ինչի արդյունքում ԶԼՄ-ները կրում են նյութական կորուստներ, իրականացվում է գրաքննություն, իսկ երկիրը հայտնվել է տեղեկատվական շրջափակման մեջ։
Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում նաև էլեկտրոնայինները, մինչ այժմ նույնպես կարող էին ազատ աշխատել՝ արտակարգ դրության մասին հրամանի շրջանակներում, «պարզապես ոչ բոլորն էին կարողանում իրականացնել դրանում ամրագրված պահանջները»։
Սողոմոնյանի խոսքերով, մարտի 14-ից «ԶԼՄ-ներն իրենց աշխատանքում ազատ կլինեն, սակայն եթե մինչ այժմ հրամանագրում ամրագրված էր այն, ինչ կարելի է, ապա այժմ նշվում է այն, ինչ չի կարելի»։
Մարտի 10-ից ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։
Այսօրվա դրությամբ դեռևս պահպանվում է հրամանագրի այն դրույթը, որով արգելվում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացումը, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների իրականացումը։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է իրավապահ մարմինների կողմից անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 19-ին։ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով ընտրություններին հաղթող է ճանաչվել գործող վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։ Անկարգությունների հետևանքով ութ մարդ զոհվել է, այդ թվում նաև մեկ սպա, վիրավորվել է իրավապահ մարմինների ավելի քան 210 ներկայացուցիչ և 50 քաղաքացի։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել՝ մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։-0-