Ռոբերտ Քոչարյանն առողջապահության նախարարին հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Երևանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներին

03.03.2008, 12:27
Ռոբերտ Քոչարյանն առողջապահության նախարարին հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Երևանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներին

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կիրակի տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանին հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ զանգվածային անկարգությունների հետևանքով տուժած քաղաքացիների բուժօգնությունը լավագույնս կազմակերպելու համար։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Քոչարյանը հանձնարարել է նախարարին՝ հետևողական լինել բուժօգնության ցուցաբերման հարցում և ուշադիր՝ բոլոր տուժածների նկատմամբ։

Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 131 մարդ, որոնցից ութը զոհվել է։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ին առավոտյան ՀՀ Ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։-0-