Վրաստանի զարգացման մոդելը չի կարող օրինակ ծառայել Հայաստանի համար. քաղաքագետ

09.01.2008, 18:52
Վրաստանի զարգացման մոդելը չի կարող օրինակ ծառայել Հայաստանի համար. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի զարգացման մոդելը չի կարող օրինակ ծառայել Հայաստանի համար, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, կարող է միայն իր ձևով հիշեցնել Հայաստանի իրավիճակը։ Իսկ իրականում այս գործընթացներն արմատապես տարբեր են»,- ասաց նա։

Միաժամանակ Իսկանդարյանն ավելացրեց, որ Հայաստանի և Վրաստանի զարգացման ուղիները մեծամասամբ չեն համընկնում՝ փուլերով։

«Սահակաշվիլին անում է այն, ինչը 90-ականների սկզբում Հայաստանում արեց ղարաբաղյան պատերազմը»,- կարծում է նա։

Այս կապակցությամբ քաղաքագետը տրամաբանական կապ անցկացրեց Վրաստանի վերջին շրջանի իրադարձությունների միջև, հատկապես, Սահմանադրության կտրուկ փոփոխությունը՝ գունավոր հեղափոխության արդյունքում, առաջին անգամ Սահակաշվիլիի իշխանության գալը՝ գրեթե առանց մրցակիցների, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման շրջանը, Թբիլիսիի փողոցներում ընդդիմության հանարհավաքների արյունոտ ցրումը, նախագահական ընտրությունների սկիզբը՝ արտակարգ վիճակի պայմաններում, ոչ պետական ԶԼՄ-ների փակումը, նոր տարում նախագահական ընտրություններ հայտարարելը և, վերջապես, այն անկարգությունը, որը տեղի ունեցավ հունվարի 5-ին։

«Հայաստանում որևէ նման բան տեղի չի ունեցել և հազիվ թե տեղի ունենա մեր երկրի նախագահական ընտրությունների ժամանակ»,- պնդում է նա։

Իր հերթին ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ պարզեցին իրենց համար, որ Վրաստանի զարգացման մոդելը չի կարող օրինակ ծառայել Հայաստանի համար։

«Ես վստահ եմ, որ Հայաստանի նախագահական ընտրություններն ի վիճակի են տեղավորվել բոլոր միջազգային, ընտրական և իրավական շրջանակներում, իսկ երկրի ղեկավարությունը կկարողանա օրենսդրական մակարդակով ապահովել քաղաքացիական հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրագործումը»,- ասաց նա։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Թարխնիշվիլու հունվարի 9-ի հայտարարության համաձայն, հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ ԿԸՀ նախնական տվյալներով, Վրաստանի և արտասահմանի 3512 տեղամասերից 3482-ի ձայների հաշվարկներով, Սահակշվիլին հավաքել է ձայների 52,21 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ Սահակաշվիլու գլխավոր մրցակից, միավորված ընդդիմության առաջնորդ Լևան Գաչեչիլաձեն հավաքել է ձայների 25,6 տոկոսը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել ինը թեկնածուներ։

ՀՀ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից հունվարի 20-ը։--0—