ԵՄ մտնելը չի լուծի Հայաստանի ազգային անվտանգության խնդիրները. պատգամավոր
Եվրոմիություն մտնելը չի լուծի Հայաստանի ազգային անվտանգության խնդիրները։ Այս կարծիքը չորեքշաբթի հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ «Լեհաստանի Եվրաինտեգրման փորձը և դասեր Հարավային Կովկասի երկրների համար» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ։
«Մեր հարաբերությունները հարևանների, հիմնականում՝ Ռուսաստանի հետ, Եվրոպայում միանշանակ չեն գնահատում։ Այնտեղ հիանալի հասկանում են, որ խոսքը մեր ազգային անվտանգության մասին է, բայց մինչ օրս ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն Հայաստանին չեն առաջարկել անվտանգության այլընտրանքային կայուն համակարգ»,-ասաց Աշոտյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ՆԱՏՕ-ն ևս ունիվերսալ համադարման չէ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար։
«Իրենք՝ ՆԱՏՕ-ի անդամները, ի դեմս Հունաստանի և Թուրքիայի, իրենց ազգային դոկտրիններում միմյանց գնահատել են որպես համար մեկ սպառնալիք։ Այնպես որ մենք էլ, մեր եվրոպական գործընկերներն էլ հիանալի հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ն չի ապահովի մեր անվտանգությունը՝ թուրքական հարցի համատեքստում»,-ասաց պատգամավորը։
Միաժամանակ պատգամավորը նշեց, որ ԵՄ-ին այսօր անհրաժեշտ է սեփական պաշտպանական կառույցը։
«Հուսով եմ, որ չնայած պաշտպանական քաղաքականության մեջ առկա առաջնությունների բոլոր տարբերություններին, ԵՄ անդամ-երկրները կկարողանան գալ ընդհանուր հայտարարի, և այդ ժամանակ Հայաստանը կկարողանա մտածել այդ կառույց մտնելու մասին»,-ասաց Աշոտյանը։
«Լեհաստանի Եվրաինտեգրման փորձը և դասեր Հարավային Կովկասի երկրների համար» թեմայով սեմինարը կազմակերպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը։-0-