Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր

19.11.2007, 16:27
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:

«Այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական և տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին»,-«Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության նախագահի մամլո գրասենայկից:

Հանրապետության նախագահը եղել է զորավարժարաններում, հետևել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների և զինվորների հետ, տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին:

«Եռօրյա այցի ընթացքում Զինված ուժերի Գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին»,-ասված է հաղորդագրությունում:--0--