Հայաստանի նախագահի պաշտոնի համար իրականում պայքարելու են չորս թեկնածու. քաղաքական տեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի նախագահական ընտրություններում իրական չորս թեկնածու է լինելու, մյուս թեկնածուները ֆոնի դեր են կատարելու։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց անկախ քաղաքական մեկնաբան Արմեն Բադալյանը։
Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդների դերում նա նշեց վարչապետ Սերժ Սարգսյանին, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՅԴ թեկնածուներ Արմեն Ռուստամյանին կամ Վահան Հովհաննիսյանին, և «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին։
Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ նախագահական նախընտրական քարոզարշավը ԿԸՀ-ի կողմից պաշտոնապես դեռևս չի մեկնարկել, Հայաստանում նախընտրական քարոզարշավն ըստ էության սկսվել է սեպտեմբերի 21-ին, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով։
Մասնավորապես, ինչպես նշեց քաղաքական մեկնաբանը, Տեր-Պետրոսյանն ընտրել է գովազդային մոտեցումը, ստեղծելով յուրաքանչյուր տեղեկատվական առիթ ընտրախավին ավելորդ անգամ երևալու համար։
«Իր հերթին, Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավում սխալը սխալի հետևից է թույլ տալիս, մասնավորապես, թույլատրելով որոշ ընդդիմադիրների ձերբակալությունը, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության իր համակիրներին թույլ տալով մեկնաբանել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, դրանով իսկ նրան հավելյալ գովազդելով»,-ասաց Բադալյանը։
Խոսելով Դաշնակցության մասին՝ նա նշեց, որ ողջունում է առաջին փուլում կուսակցությունից երկու թեկնածուների առաջադրումը, բայց, նրա կարծիքով, ՀՅԴ-ն կոպիտ սխալ է թույլ տվել իրականացնելով նրանց համատեղ հանդիպումներն ընտրողների հետ։
«ՀՅԴ-ի թեկնածուները պետք է մրցակցեն, ոչ թե իրականացնեն համատեղ քարոզարշավ, ինչը մարտավարական սխալ է»,-ասաց Բադալյանը։
Նրա գնահատականներով, ՀՅԴ-ի թեկնածուների ռազմավարական սխալը նրանց Դաշնակցության հետ կապելն է, քանի որ կուսակցության ընտրախավը կազմում է առավելագույնը 10%։
«Դա այն դեպքում, երբ Վահան Հովհաննիսյանը բավականին ուժեղ անհատականություն է, որը կկարողանար հավաքել շուրջ 20-25% իր բնավորության որոշ գծերի շնորհիվ, հավելելով դրան կուսակցության ընտրախավը՝ շուրջ 10%, ինչպես նաև տատանվող ընտրողների 5%-ը»,-ասաց Բադալյանը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց քաղաքական մեկնաբանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որը ևս մտնում է հիմնական թեկնածուների թվի մեջ, իր քարոզարշավի տեսակետից դեռևս ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել, «չնայած շահեկան դիրքեր կունենար, եթե իրեն ներկայացներ հանուն ճշմարտության տառապյալի դերում»։
2008-ին Հայաստանում կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները։ --0—