Հայկական ներուժի դրսևորման գլխավոր ուղին կայուն ժողովրդավարական Հայաստանի կառուցումն է. վարչապետ

16.10.2007, 17:22
Հայկական ներուժի դրսևորման գլխավոր ուղին կայուն ժողովրդավարական Հայաստանի կառուցումն է. վարչապետ
Հայկական ներուժի դրսևորման գլխավոր ուղին կայուն ժողովրդավարական Հայաստանի կառուցումն է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայոց ներուժի դրսևորման միակ արդյունավետ ճանապարհը կայուն ժողովրդավարական Հայաստանի կառուցումն է` ազատական տնտեսությամբ և մարտունակ բանակով: Այս մասին երեքշաբթի հայտարարեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով  Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը քիչ բնական ռեսուրսներ ունի, նրա հարստությունը կրթված, աշխատասեր, ձեռներեց ժողովուրդն է։

Ողջունելով պատվիրակության անդամներին` վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես հետաքրքրությամբ են հետևում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հայանպաստ գործունեությանը:

Նրա խոսքերով, Հայրենիքի և Սփյուռքի ծրագրերը` նպատակաուղղված ուժեղ պետություն և ուժեղ սփյուռք ձևավորելու գործընթացին, համահունչ են, և այդ նպատակներին հասնելու ճանապարհի համագործակցությունը կարելի է բնութագրել որպես արդյունավետ։

Կարևորելով  Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման նշանակությունը մեր պետության և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում` Հայաստանի կառավարության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ, ցավոք, Սփյուռքի ներուժը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվում:

Միաժամանակ, ըստ նրա, այդ հնարավորությունները շատ մեծ են և նպատակային աշխատանքի դեպքում արդյունքները շոշափելի կլինեն:

Այդ ուղղությամբ նախատեսվող որոշակի քայլերի թվում Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Սփյուռքում` հատկապես հայապահպանության բնագավառում, իրականացվող ծրագրերին պետության մասնակցության և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչը, նրա կարծիքով, ոչ միայն կխթանի բարերարների գործունեությունը, այլև կնպաստի գործարարների շրջանում պետության նկատմամբ վստահության աճին:

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով վարչապետին` Սփյուռքի հայկական կազմակերպությունների և, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության գործունեությանը տված բարձր գնահատականի համար, Արա Աբրահամյանը ևս արտահայտվել է սփյուռքի ներուժն առավել արդյունավետորեն օգտագործելու օգտին:

Նա ներկայացրեց վերջին մի քանի տարիներին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հայերի միության կողմից գյուղատնտեսության, բնակարանաշինության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ժամանակ սփյուռքի հայ համայնքների ղեկավարները ևս իրենց աջակցությունն են հայտնել  Հայրենիք-Սփյուռք կապերի հետագա սերտացմանը` առաջարկություններ ներկայացնելով համագործակցության տարբեր խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, Վրաստանի հայերի միության փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի բյուրոյի անդամ Վան Բայբուրդյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը` վիրահայությանը, մասնավորապես, Ջավախքին, նրա մշակութային  ու կրթական օջախներին ցուցաբերվող օգնության համար:

Ռամկավար ազատական կուսակցության փոխատենապետ, Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամ Երվանդ Ազատյանը, ողջունելով Սփյուռքի հարցերով պետական կառույցի ստեղծման գաղափարը, նշել է, որ դա կնպաստի սփյուռքահայ համայնքների հետ հայրենիքի կապերի ամրապնդմանը, ինչպես նաև այդ համայնքների գործունեության համակարգմանը` ի շահ համազգային նպատակների իրագործման: --0—