Համաշխարհային հայկական կոնգրեսը մարտին Երևանում գիտաժողով կանցկացնի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով

15.10.2007, 17:00
Համաշխարհային հայկական կոնգրեսը մարտին Երևանում գիտաժողով կանցկացնի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ  կարգավորման հարցով

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային հայկական կոնգրեսը մարտին Երևանում գիտաժողով կանցկացնի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ  կարգավորման հարցով։ Այս մասին Երևանում երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նրա խոսքերով, ներկայումս հրատարակության է պատրաստվում եռահատոր՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին, առաջին երկու հատորները կհրատարակվեն արդեն փետրվարին։ Աբրահամյանը նշեց, որ գիտաժողովը տեղի կունենա եռահատորի հրատարակումից հետո։

«Եռահատորի մեջ մտնելու են ռուսական և ադրբեջանական արխիվներից ստացված փաստաթղթեր, դրանցում կարտացոլվի ղարաբաղյան հակամարտության ողջ պատմությունը, ինչպես նաև վերլուծությունը՝ իրավաբանների համապատասխան եզրակացություններով»,- ասաց Աբրահամյանը։ --0—