ՀՀ վարչապետը Վահե Դանիելյանին նշանակել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ է նշանակվել Վահե Դանիելյանը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նման որոշում է կայացրել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։
Վահե Դանիելյանը ծնվել է 1975թ. Երևանում: 1992-1997թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1996-97թթ. պաշտոնավարել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությունում, 1997-98թթ.` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության էկոնոմիկայի վարչությունում: 1998թ. նշանակվել է ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետ: 2001թ.-ին վարել է ԼՂՀ զարգացման գործակալության տնօրենի պաշտոնը: 2001թ. օգոստոսին նշանակվել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ և այդ պաշտոնում վերանշանակվել 2006թ.-ին:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ որդի:--0--