Երևանում տեղի ունեցավ ԳԱԱ նախագահության նիստը, որը նվիրված էր ակադեմիկոս Բարխուդարյանի 80-ամյակին
Երևանում չորեքշաբթի տեղի ունեցավ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ընլայնված նիստը, որը նվիրված էր հայտնի հայագետ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակին։
Շնորհավորելով Բարխուդարյանին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ «իր ապրած կյանքով Վլադիրմիր Բարխուդարյանն արժանի է համընդհանուր հարգանքի»։
«Ես կուզենայի Բարխուդարյանին խաղաղասեր մարդ անվանել։ Յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակից նա գտնում է հենց այն ելքը, որը հանգեցնում է համընդհանուր խաղաղությանը»,-նկատեց Մարտիրոսյանը, հավելելով, որ գիտնականի ճիշտ մոտեցումները բազմիցս օգնել են դուրս գալ բարդ ճգնաժամային իրավիճակներից։
Այս կապակցությամբ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Գնել Գրիգորյանը հավելեց, որ հայագիտության բնագավառում Վլադիմիր Բարխուդարյանն իրեն հավասարը չունի։
«Հռչակավոր ակադեմիկոսի գործունեությունը կապված է Հայաստանի պատմության և հայագիտության հետ՝ ընդհանրապես։ Արժե նշել, որ այդ բնագավառում նա իրեն հավասարը չունի»,-ընգծեց Գրիգորյանը։
Հանդիսավոր նիստում Վլադիմիր Բարխուդարյանը Մատենադարանի տնօրենության կողմից պարգևատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Բարխուդարյանը ծնվել է 1927-ի սեպտեմբերի 22-ին Ախկերպի գյուղում (ներկայիս Վրաստանի Մառնեուլի շրջան)։ 1950-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-ին դարձել է պատմական գիտությունների դոկտոր, իսկ 1973-ին՝ պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ է։
Ակադեմիոկսի հիմնական աշխատությունները նվիրված են հայկական գաղութներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը և պատմագրությանը։ Նա հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագրքերի կազման հեղինակն ու ղեկավարն է։
1998-ից Վլադիմիր Բարխուդարյանը Բնության և հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Հունգարական գիտությունների ակադեմիայի մեդալով։ Վլադիմիր Բարխուդարյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահն է և հումանիտար գիտությունների բաժնի ակադեմիոկոս-քարտուղար։--0—