Մահացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը

12.09.2007, 12:10
Մահացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը
Մահացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը

Երեքշաբթի երեկոյան՝ Շոտլանդիայում մահացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրաելյանը։

Տ. Իսրաելյանն ասաց, որ ՀՖՖ-ն իր ցավակցություններն է հայտնում Յան Պորտերֆիլդի ընտանիքին և մտերիմներին։

Յան Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  է նշանակվել  2006 թ.-ի օգոստոսին՝ համագործակցության պայմանագիր կնքելով մինչև 2007 թ-ի վերջը։ Պորտերֆիլդի հետ են կապված հայկական հավաքականի վերջին հաջողությունները, մասնավորապես Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների դեմ տարած հաղթանակները, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի հետ ոչ ոքին։  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի խոսքերով՝ հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կստանձնի Պորտերֆիլդի օգնական Վարդան Մինասյանը։

2007 թ.-ի սկզբին Յան Պորտերֆիլդի մոտ հայտնաբերվել էր հաստ աղիքի չարորակ ուռուցք։ Մարտին նա վիրահատվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակական կենտրոնում, վերջին ամիսներին վերականգնողական կուրս էր անցնում Շոտլանդիայում։

60-ամյա շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը եղել է երեք ազգային հավաքականների գլխավոր մարզիչը՝ Զամբիայի ( 1993-1994 թթ.), Զիմբաբվեի (1996-1997 թթ.), Օմանի (1997-1999 թթ.) և Տրինիդադ ու Տոբակոյի (2000-2002 թթ.)։

2002 թ.-ից Յան Պորտերֆիլդը զբաղեցնում էր կորեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը և  «Բուսանին»  ապահովել էր Կորեայի 2004 թ.-ի գավաթի և 2005-ի ազգային առաջնության առաջին փուլի հաղթանակները։ ՖԱՀ-ի չեմպիոնների անցած տարվա լիգայում  ակումբը դուրս էր եկել կիսաեզրափակիչ։ Պորտերֆիլդը եղել է նաև «Չելսի» անգլիական ակումբի գլխավոր մարզիչն ու մարզչի օգնականը։-0-