Երևանում միջին եկամուտ ունեցող ընտանիքը առաջին դասարանցու դպրոցական հանդերձանքի վրա պետք է ծախսի ավելի քան 37,5 հազ դրամ, կամ 111 դոլար

31.08.2007, 14:43
Երևանում միջին եկամուտ ունեցող ընտանիքը առաջին դասարանցու դպրոցական հանդերձանքի վրա պետք է ծախսի ավելի քան 37,5 հազ դրամ, կամ 111 դոլար

Երևանում միջին եկամուտ ունեցող ընտանիքը առաջին դասարանցու դպրոցական հանդերձանքի վրա պետք է ծախսի ավելի քան 37,5 հազ դրամ կամ 111 դոլար, ինչը գործնականում գերազանցում է ամենամսյան սպառողական զամբյուղը (109 դոլար)։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիա» գործակալության լրագրողի կողմից մայրաքաղաքում դպրոցականների համար նախատեսված ապրանքների մի շարք առևտրային կետերում և տոնավաճառներում անցկացված հարցումը։

Ինչպես պարզվեց գրենական պիտույքների նվազագույն քանակի գնման համար, այդ թվում, տետրերի, գրիչների, օրագրի, գունավոր մատիտների և ֆլոմաստերների, պլաստիլինի, նկարչության ալբոմների, ջրաներկերի, գրչատուփի, ինչպես նաև մկրատի, սոսնձի, տետրերի ու գրքերի շապիկների և այլ ապրանքների գնման համար անհրաժեշտ է մոտավորապես 3400 դրամից (10 դոլար) – 7200 դրամ (21 դոլար)։ Այս ամենը դրվում է դպրոցական պայուսակի մեջ, որի արժեքը տատանվում է 1-7 հազար դրամի (3-15 դոլար) սահմաններում։

Առաջին դասարանցու դպրոցական համազգեստ գնելու համար ծնողները պետք է ծախսեն ևս 15,5 հազ. դրամ աղջիկների և 10 հազ. դրամ տղաների համար (համապատասխանաբար 45 և 30 դոլար)։ Սրան պետք է ավելացնել նաև սպորտային համազգեստի և կոշիկների արժեքը, որը ևս կկազմի մոտավորապես 9 հազ. դրամ (մոտավորապես 27 դոլար)։

Հատկանշական է այն փաստը, որ ավելի ունևոր ծնողները նախընտրում  են իրենց առաջին դասարանցիների համար անհրաժեշտ բոլոր պարագաները գնել հատուկ մասնագիտացված խանութներում և առևտրային կենտրոններում, որտեղ վերը թվարկված ապրանքները միջինում երկու անգամ ավելի թանկ են։ 

Այստեղ տղաների համար նախատեսված կոստյումների և աղջիկների դպրոցական սարաֆանների ընտրության մեծ հնարավորություն է տրվում, որոնց արժեքը, միջինում, կազմում է մոտավորապես 20 հազ. դրամ (60 դոլար)։

Ավելորդ չէ նշել, որ որոշ ծնողներ, ուղարկելով իրենց երեխային առաջին դասարան, նախընտրում են նրա համար գնել բջջային հեռախոս, որպեսզի հնարավորություն ունենան նրա հետ անընդհատ կապի մեջ լինել։ Այսօրվա դրությամբ Երևանի մասնագիտացված խանութներում կարելի է ձեռք բերել բջջային հեռախոս 60-70 հազ. դրամով (178-208 դոլար), իսկ օգտագործված հեռախոսները երկու  անգամ ավելի էժան են։

Այսպիսի մեծ ֆինանսական ծախսերի ֆոնի վրա սփոփիչ կարող է թվալ այն փաստը, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկրի բոլոր հանրակրթական դպրոցների 1-8-րդ դասարանի աշակերտներին տրամադրում է անվճար դասագրքեր։

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 2007-2008 ուստարում՝ Երևանում առաջին դասարան կգնա 8 հազ. 115 դպրոցական՝ 2006-2007 ուստարվա 11,9 հազ.-ի համեմատ։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2007 թ.-ի երկրորդ կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 440870,2 դրամ է (1309 դոլար) կամ յուրաքանչյուր ամիս՝36739,2 դրամ (109 դոլար)։-0-