Երևանում «Միկա» ակումբի նոր մարզադաշտը շահագործման կհանձնվի 2008թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկի` «Միկայի» նոր մարզադաշտը շահագործման կհանձնվի Երևանում 2008թ.-ին: Այս մասին «Նովոստի Արմենիային» տված հարցազրույցում հայտնեց Աշտարակի «Միկա» ակումբի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը:
Նրա խոսքերով, 10-12 հազար տեղանոց նոր մարզադաշտը կառուցվելու է «Արաքս» կիսաքանդ մարզադաշտի տեղում: «Շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն մեկուկես տարի, իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հաջորդ տարի»,- ասաց Մաթևոսյանը:
Ակումբի քարտուղարն ավելացրեց, որ մարզադաշտում, բացի երեք ֆուտբոլային դաշտերից, նախատեսվում է կառուցել նաև մարզական համալիր:
«Մարզահամալիրում կգործի մանկա-պատանեկան ֆուտբոլային դպրոց, ինչպես նաև տարբեր խմբակներ՝ շախմատի, ըմբշամարտի, տարբեր տեսակի մարտարվեստների, նետաձգության»,- պարզաբանեց նա:
Մաթևոսյանը նշեց, որ նոր մարզադաշտը նախևառաջ նախատեսված է միջազգային մրցամարտեր անցկացնելու համար:
Այսօր Հայաստանում գործում է միջազգային մակարդակի միայն մեկ մարզադաշտ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը: --0—