Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ուրախությամբ տեղեկացանք, որ Արցախի մեր սիրելի ժողովուրդը ընտրել է Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։ Այդ ընտրությունը հաստատում է Արցախի խիզախ զավակների ինքնորոշման արդարացի իրավունքը և նրանց անսասան վճռականությունը՝ ղեկավարել իրենց երկիրը ժողովրդավարական սկզբունքներով», - ասվում է Արամ Ա-ի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տրամադրել կաթողիկոսարանի մամուլի գրասենյակից։
Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ Ղարաբաղի ժողովրդի վստահությունը Բակո Սահակյանի նկատմամբ նրա հայրենասիրական գործունեության արդյունքն է։
«Համոզված եմ, որ Դուք նորացված հավատով և վճռականությամբ կշարունակեք անձնազոհ ծառայությունը՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման», - ասված է ուղերձում։
Արամ Ա-ն հավաստիացրել է ԼՂՀ նոր նախագահին, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն այսուհետ ևս կշարունակի օժանդակություն ցույց տալ և ամեն կերպ աջակցել Արցախի ժողովրդի առաջընթացին և բարգավաճմանը։
Նրա խոսքերով, այդ աջակցությունը, մասնավորապես, դրսևորվում է Ղարաբաղում «Նոր Կիլիկիա» գյուղի կառուցմամբ։--0—