Հայաստանում հյուրանոցների դասակարգման մեջ փոփոխություններ կմտցվեն

23.07.2007, 12:40
Հայաստանում հյուրանոցների դասակարգման մեջ փոփոխություններ կմտցվեն

Հայաստանում հյուրանոցների դասակարգման մեջ փոփոխություններ կմտցվեն։  Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքերով, կառավարության քննարկմանն արդեն ներկայացված է հյուրանոցների դասարակարգման մեջ ավելացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որոնք ուղղված են հյուրանոցային ծառայությունների կայուն և կանխատեսելի որակի ապահովմանը, երկրի հանդեպ վստահության մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջիկներին օժանդակությանը։

«Փոփոխությունները պայմանավորված են վերջին երեք տարվա ընթացքում զբոսաշրջության բնագավառում դինամիկ փոփոխություններով, ինչպես նաև սպառողների աճող պահանջներով։ Հետևաբար, պահանջարկի ապահովման համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել նաև օրենսդրական մակարդակով», -  ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքերով, փոփոխությունների մեջ նաև հաշվի է առնված երեք տարվա ընթացքում համակարգի գործունեության փորձը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել այս ուղղությամբ ։

2004 թ.-ի հունիսի 10-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները, ինչը նախատեսում է հյուրանոցներին «աստղերի» տրամադրումը՝ մատուցված ծառայություններին համապատասխան։

Կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման իրականացման լիազոր օրգանը Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն է։

Այժմ Հայաստանում գործում է 70 հյուրանոց, որից միայն չորսն է դիմել և ստացել  դասակարգման համակարգ («աստղեր»). «Կոնգրես» - 3 աստղ, «Մետրոպոլ» - 4 աստղ, «Գոլդեն Փելըս» - 5 աստղ, «Անի Պլազա» - 4 աստղ։ Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով։ --0—