Քոչարյանը նշեց, թե որ դեպքում Թուրքիան կդադարի Հայաստանին ընկալել որպես սպառնալիք

17.02.2022, 15:22
Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե որ դեպքում Թուրքիան կդադարի Հայաստանին ընկալել որպես սպառնալիք
Քոչարյանը նշեց, թե որ դեպքում Թուրքիան կդադարի Հայաստանին ընկալել որպես սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարի Հայաստանին որպես սպառնալիք ընկալել։

Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա հարցադրում արեց, թե արդյոք Հայաստանն այլ այլընտրանքային ճանապարհ ունի, քան Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը։

«Կա մեկ այլ ճանապարհ՝ ընդունել ադրբեջանա-թուրքական վտանգը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել այդ սպառնալիքներին, գնալ Հայաստանի դեմ ծրագրված աջարիզացիայի ճանապարհով։ Թուրքիան կդադարի մեզ որպես սպառնալիք ընկալել միայն մի դեպքում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա»,- ասաց նախկին նախագահը։

Նա նշեց նաև, որ Թուրքիան ցանկանում է առաջատար դեր ունենալ տնտեսության մեջ, լիակատար ազդեցություն ունենալ քաղաքական էլիտայի վրա: Դա հնարավոր է, եթե ռուսական ազդեցությունը սկսի փոխարինվել թուրքականով։

«Դա հնարավոր կլինի, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի Ղարաբաղից: Սրանք են այն նախադրյալները, որոնց դեպքում Հայաստանի համար նման այլընտրանքը կարող է գործել։  Այդ քաղաքականությունն անպայման աջակցություն կստանա ԱՄՆ-ից, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ առճակատումը հուշում է, որ այս կերպ հնարավոր է չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում: Սա այն ճանապարհն է, որը ես տեսնում եմ Հայաստանի համար»,-ասաց Քոչարյանը։

Загружается новость ... "Лево"

Նա նաև մատնանշեց այդ ուղիների տարբերությունը: Ռուսաստանին ձեռնտու է ուժեղ դաշնակից ունենալ Հարավային Կովկասում, մինչդեռ Թուրքիան շահագրգռված է տեսնել չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ դեպքում այն ​​խոչընդոտ չի դառնա իր ծրագրերի իրականացմանը։

«Գործընթացները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ չեն այդ տարբերակին։ Բայց Վրաստանի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես են 10 տարվա ընթացքում փոխել մարդկանց տրամադրությունները և արմատավորել հակառուսական քարոզչությունը»,- ասաց Քոչարյանը։

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հունվարի14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու թուրք դիվանագետ, Միացյալ Նահանգներում նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991 թ.-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1993 թ.-ին Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվել է 1995 թ.-ին միջազգային հանրության ճնշման ներքո։ Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։

1991 թ.-ից ի վեր երկկողմ հարաբերությունները կարգավորելու մի շարք փորձեր են արվել, որոնք Թուրքիայի դիրքորոշման պատճառով արդյունք չեն տվել։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.-ի աշնանը նախաձեռնել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։-0-