Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինտերֆաքսին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե հիմա տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործնթացը որքանով է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից։
Նա հիշեցրել է, որ հայ–թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993թ.–ին, իսկ Հայաստանը միշտ կողմ է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, սակայն Թուրքիան դա մերժել է։
«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր չափսեր է ստացել Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած 44–օրյա ագրեսիայի ընթացքում», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղիղ աջակցություն` ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինված ահաբեկիչ–գրոհայինների։
«Այս համատեքստում տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի այդ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», – ասել է Փաշինյանը։–0–