Ինչի՞ վրա է հիմնված ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը. մանրամասնել է Արծվիկ Մինասյանը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխող ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի համագործակցությունը պետք է ավելի երկարատև բնույթ կրի, նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այս համագործակցության քաղաքական ուժերը 17 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ չեն կապում, և չի կարևորվում` կլինե՞ն խորհրդարանում և կունենա՞ն իշխանություն, թե՞ ոչ, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների լուծումներն են կարևոր», – yerkir.am–ը մեջբերում է Մինասյանի խոսքերը։
Միաժամանակ պատգամավորը չի բացառել, որ ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր։
«Ես չեմ բացառում, նաև չեմ հաստատում»,- ասել է նա:
Պատգամավորը նաև ավելացրել է, որ փաստաթղթի ստորագրումը շատ չի ուշանա:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կստորագրվի այսօր երեկոյան>>
«Համաձայնագիրը, ըստ էության, հիմնված է թե' մեր մոտեցումների, թե' նաև հանրապետության նախագահի, հատկապես` վերջին ելույթում քննարկման արդյունքներով բարձրաձայնված հարցերի ընդհանրության վրա, որից հետո նոր կպաշտոնականացվեն մնացած գործընթացները»,- ասել է Արծվիկ Մինասյանը: –0–

