ԵՄ-ն պատրաստ է ավելացնել ֆինանսական և քաղաքական աջակցությունը ՀՀ-ին. Յունկեր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱն, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում, մենք դաշնակիցներ ենք, և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հհայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Նա նշեց, որ վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և նրանք ողջունում են դա:
«Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես: Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումնեևրի համար», - նշել է Յունկերը:
Սակայն, ըստ նրա, շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում:
«Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել», - ասել է Յունկերը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում:
«Միևնույն ժամանակ ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով», - նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ քննարկումները, ըստ վարչապետի, ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը
«Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք և ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ», - նշել է վարչապետը:
Այդ աջակցությունը, նրա խոսքով, Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ:
Այս առումով, ըստ Փաշինյանի, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում:
«Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից», - ասել է Փաշինյանը:-0-