Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք. իմքայլական պատգամավորները՝ բանակցությունների մանրամասների մասին

19.11.2020, 14:34
Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք. իմքայլական պատգամավորները՝ բանակցությունների մանրամասների մասին
Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք. իմքայլական պատգամավորները՝ բանակցությունների մանրամասների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք, այս մասին հինգշաբթի ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտնել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը հրաժարվել է հայտարարությունը ստորագրել հոկտեմբերի 20-ին:

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հոկտեմբերի 19-20-ը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պուտինը նշել է, որ ընդհանուր առմամբ, իրեն հաջողվել է համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, «բայց նրա կողմից պարտադիր պայման էր գաղթականների վերադարձը, այդ թվում, քաղաք Շուշի»: Բայց, նրա խոսքով, իր համար անսպասելի կերպով, հայկական կողմի համար անընդունելի էր այս դիրքորոշումը, որ դրանում նա վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Պուտինը հայտնել է, որ խոսքը խաղաղ բնակիչների վերադարձի մասին էր, ընդ որում այն դեպքում, երբ հայկական կողմը պահպանում էր Ղարաբաղի այդ հատվածի նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում Շուշիի, նաև նախատեսվում էր ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչի մասին այն ժամանակ պայմանավորվություն էր ձեռք բերովում կողմերի միջև:

«Մենք իմացանք, որ ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ի միջակայքում եղել է առաջարկ, որ թույլ տանք, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնք մեծամասամբ ադրբեջանցիներ են: Ուզում եմ հիշեցնել, որ Շուշին ԼՂԻՄ-ի մաս է: Երբ որ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է, փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին, դա է եղել պատմությունը»,- նշել է Նազարյանը:

Նա նշել է, որ հայկական կողմը, քննարկելով այդ հարցը, մտածել է, որ անընդունելի է Շուշիի հանձնումը: Փաստացի դա նշանակել է Շուշիի հանձնում, որովհետև եթե Շուշի վերադառնան փախստականները, 80 տոկոսը ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին, որոշել է շարունակել պայքարը, ինչի մասին նաեւ ասաց ՌԴ նախագահը:

Նրա խոսքով, հայկական կողմը որոշել է շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն, նաև բեկում, որովհետեւ Շուշին բերդաքաղաք է ու մտածել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողություն, բայց դա տեղի չի ունեցել:

«Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կեսին, որովհետև այդ պահից սկսած այլևս պարզ էր,որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն ու այդ պահից սկսած յուրաքանչյուր հաջորդ զոհ հնարավորություն չէր ունենալու լուծել ռազմական խնդիր: Միայն այդ պայմաններում հնարավոր եղավ այդ հայտարարության ստորագրումը»,- նշել է Նազարյանը:

Նա ընդգծել է, որ հիմա, եթե այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը և Արցախը համաձայնեին, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ: Հիմա էլ են մեղադրում, բայց «Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»:

Իր կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հավելել է, որ հոկտեմբերի 19-20-ի դրությամբ ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունի, Ճարտար, Կարմիր շուկա, Թաղավարտ գծով, ինչը, ըստ էության, վկայում է, որ ադրբեջանցիները դեռ չէին մոտեցել Շուշիին՝ 20 կմ հեռավորության վրա էին Շուշիից:

Նա նշել է, որ նման պայմանների դեպքում ադրբեջանցի գաղթականների վերադարձի պայման էր ներկայացվում և հարց էր ծագում, թե ինչպես են նրանք վերադառնալու, ենթադրվում էր, որ ճանապարհի հարց էր բարձրացվելու:

«Ստացվում է նաև, որ Շուշիի քաղաքապետն էր լինելու ադրբեջանցի, որովհետև քաղաքի 80%-ն առնվազն լինելու էին ադրբեջանցիներ: Ենթադրում եմ, որ քաղաքում հայ ընդհանրապես չէր մնալու: Այդ պայմաններում, ինչպես ենք ասում, որ քաղաքը մնալու էր մեր վերահսկողության տակ, եթե քաղաքի 80%-ը ադրբեջանցի է, քաղաքապետն ադրբեջանցի է: Կստացվեր նույն բանը, ինչ ունենք հիմա, բայց քաղաքը չի հանձնվել, այլ կորսվել է մարտում»,- նշել է Եղոյանը:-0-