Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից․ Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»,- նշել է Արցախի նախագահը:-0-