ԵԽԽՎ–ում հակահայկական զեկույցի հեղինակը Ղարաբաղի իշխանությանը խնդրել է աջակցել Արցախ այցելելու հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում։Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։
«Ռոբերտ Ուոլթերն, իրոք, սեպտեմբերի 22-ին գրավոր դիմում է հղել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցել Արցախ այցելելու հարցում։ Ի պատասխան պրն. Ուոլթերին ենք փոխանցել մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։Կարծում ենք, որ զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը»,– ասել է Ալեքսանյանը։
Ալեքսանյանի խոսքով` ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ Ուոլթերը մտադիր է նաև անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին
«Այս կապակցությամբ, մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձևաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցված ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետևողականորեն և ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել իրենց գործունեությունը», - ասել է Ալեքսանյանը։
Ըստ նրա, պատահական չէ, որ Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ճնշումներին զուգահեռ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բանակցային գործընթացում գնալով ավելի անզիջում է դառնում, հռետորաբանությունը՝ ավելի ագրեսիվ, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ծավալներն ու բնույթն՝ ավելի սպառնալից։
«Այս իրավիճակում ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանի մոտ ամենաթողության կեղծ զգացում է առաջանում, ինչն արտացոլվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարության մեջ՝ «Եվրոպայի խորհուրդը պատկանում է Ադրբեջանին»։ Հատկանշական է, որ սույն արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ 2013 թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը տապալել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ պատգամավոր Շտրասերի զեկույցի ընդունումը՝ պատճառաբանելով, որ զեկուցողը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան»,– ասել է Ալեքսանյանը։
Նա ավելացրել է, որ ղարաբաղյան կողմը կիսում է ինչպես տիկին Բրասերի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի դիրքորոշումն առ այն, որ Եվրոպայի խորհրդի չափանիշները պետք է հասանելի լինեն եվրոպական տարածքի բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից։
«ԼՂՀ-ն իր հերթին այդ ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում և արդեն միակողմանիորեն միացել է Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների՝ ներառյալ Եվրոպական մշակութային կոնվենցիան, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիան», - ասել է Ալեքսանյանը։-0-