Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը Բաքու հնարավոր է միայն, եթե էքստրադիցիայի հարցով օրինական կերպով դիմեն Ղարաբաղի իշխանությանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը Բաքու հնարավոր է միայն, եթե օրինական կերպով դիմեն Ղարաբաղի իշխանությանը` դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելու հարցով, ուրբաթ լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության վերլուծաբան Մանվել Ղումաշյանը։
ԱՄՆ պետքարտուղար Վիկտորյա Նուլանդը համապատասխան մարմիններին հորդորել է մարդասիրական քայլ կատարել և Բաքվին հանձնել Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին` չնայած նրանց կատարած հանցագործության ծանրությանը։ Նույն կոչով է հանդես եկել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Պսակին։
«Կատարվել են դիվերսիոն գործողություններ, հանցագործությունն ապացուցված է, և մեղավորներին դատել են բոլոր օրենքներով, հետևաբար, եթե նրանց անգամ փոխանցեն ադրբեջանական կողմին, ապա դա պետք է կատարվի սովորական ճանաչված պետություններում ընդունված ընթացակարգով», – ասաց Ղումաշյանը։
Այս հարցում, նրա խոսքերով, Ղարաբաղի իշխանությունը շատ ճիշտ քաղաքականություն է իրականացնում` ցույց տալով, որ չնայած իրենց պետությունը ճանաչված չէ, սակայն այն օրենքներ ունեցող պետություն է, ավելի ժողովրդավարական, քան Ադրբեջանը, և ԼՂՀ–ն օրինական կերպով դատական գործընթաց է անցկացնում այն անձանց նկատմամբ, ովքեր խախտել են սահմանն ու մարդ են սպանել։
«Նուլանդի և Պսակիի` դիվերսանտներին փոխանցելու կոչերը պետք է լինեն նաև օրենքի շրջանակում, հարկավոր է դիմել Ղարաբաղի իշխանությանը էքստրադիցիայի հարցով», – ասաց Ղումաշյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0