ԱՄՆ-ն իր քաղաքականությունը տանում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման գծով. պատգամավոր

11.02.2015, 16:31
ԱՄՆ-ի քայլերը ես ուղերձ եմ համարում, որ իր քաղաքականությունը տանում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման գծով, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը։
ԱՄՆ-ն իր քաղաքականությունը տանում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման գծով. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ի քայլերը ես ուղերձ եմ համարում, որ իր քաղաքականությունը տանում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման գծով, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նա կարծում է, որ ամերիկյան հինգ նահանգում Ղարաբաղի անկախության ճանաչումը լուրջ և կարևոր ուղերձ է։

Այս պահին Ղարաբաղի անկախությունը ճանաչել են Կալիֆոռնիա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն և Լուիզիանա նահանգները։

«Սա ուղերձ է այն մասին, որ ԱՄՆ–ն` որպես ժողովրդավար երկիր և մարդու իրավունքների պաշտպան, որն ինքն անկախություն է ստացել ինքնահռչակման ճանապարհով, իր արտաքին քաղաքականությունը տանում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման գծով»,– ասաց Մարտիրոսյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ Ղարաբաղն օգտվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկից` ազգի ինքնորոշման իրավունքից, որի հիման վրա ճանաչվել է ՄԱԿ–ի անդամ–երկրների գերակշռող մեծամասնությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-