ՀՀ ԱԽ նախկին քարտուղարը չի հավատում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների շուտափույթ տեղակայմանը

09.07.2014, 15:20
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախադրյալներ չի տեսնում առաջիկայում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման համար։
ՀՀ ԱԽ նախկին քարտուղարը չի հավատում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների շուտափույթ տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախադրյալներ չի տեսնում առաջիկայում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման համար։

Ըստ նրա, դա հնարավոր է միայն հակամարտության կարգավորման շուրջ վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։

«Լինենք դրանք ռուս կամ միջազգային խաղաղապահներ, նրանք կկարողանան դիրքեր զբաղեցնել միայն հակամարտության փոխընդունելի լուծումից հետո։ Քանի որ այսօր այդպիսի լուծում չկա, ես հնարավոր չեմ համարում խաղաղապահների հնարավոր տեղակայումն այդ տարածքում»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Բաղդասարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-