ԼՂՀ վարչապետը երկրի կառավարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

26.01.2012, 19:27
ԼՂՀ վարչապետը երկրի կառավարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հինգշաբթի ԼՂՀ կառավարության աշխատակազմին է ներկայացրել պետական այդ մարմնի նորանշանակ ղեկավար-նախարար Արմեն Ավագյանին, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Ավագյանը նախօրեին նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Շնորհավորելով Ավագյանին` վարչապետը վստահություն է հայտնել, որ արդեն աշխատանքային մեծ փորձ ունեցող երիտասարդ մասնագետը կշարունակի այստեղ ձևավորված գործնական ավանդույթները, նաև` հանդես կգա նորամուծություններով ու թարմ աշխատաոճով:

Հարությունյանը կարևորել է կառավարության աշխատակազմում էլեկտրոնային կառավարման արմատավորումը, որը ներկա ժամանակի պահանջներից է:

Վարչապետը ուշադրություն է սևեռել այն խնդրի վրա, որ հանրապետության նախարարությունների և պետական մյուս գերատեսչությունների հետ աշխատանքի համակարգումը պետք է դարձնել առավել արդյունավետ, միաժամանակ, հետևողական լինել քաղաքացիներից ստացվող նամակներում բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ: 

Նա գոհունակություն է հայտնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Սրբուհի Արզումանյանին` նախորդ ամիսներին նրա կատարած աշխատանքի համար:

Ավագյանն իր հերթին հավաստիացրել է ներկաներին, որ համատեղ ուժերով կկարողանան հաջողությամբ կատարել կառավարության աշխատակազմին վերապահված բոլոր գործառույթները:-0-