Բանակցային գործընթացից Ղարաբաղին բացառելը լուրջ բացասական քայլ է. Սկակով

Բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառելը լուրջ բացասական քայլ է, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
«Բանակցային գործընթացից հանվել է հենց Լեռնային Ղարաբաղը: Սա շատ վատ է բանակցությունների համար: Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած համաձայնագիր առանց նրա մասնակցության կենսունակ չէ», - ասել է Սկակովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ պատասխանելով երկուշաբթի Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին հարցին:
Նրա խոսքով՝ հիմք չկա հուսալու, թե կողմերը կարող են փոխզիջման հասնել, քանի որ կողմերի դիրքորոշումները փոխհակասող են, և փոխզիջման համար հիմք չկա:
Սկակովը նշում է, որ բանակցային գործընթացում Ղարաբաղի բացակայությունը ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն է:
Նա, մասնավորապես, կարծում է, որ հնարավոր կլիներ համաձայնության հասնել տեխնիկական հարցերի, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված բախումներ թույլ չտալու հարցի շուրջ, «սակայն, ցավոք, Ադրբեջանը նպատակ չունի նման համաձայնության գալ, և նա բազմաթիվ անգամ ասել է այդ մասին»:
«Եվ վերջապես, չպետք է մոռանալ, որ օրինակ Հայաստանի ներսում բարդ իրավիճակ է ստեղծվել: Ընդդիմությունը բավականին ուժեղ է: Առջևում խորհրդարանական ընտրություններն են: Եվ հենց գոնե այդ պատճառով Երևանն այժմ ևս ի վիճակի չէ որևէ լուրջ փոխզիջման գնալ», - կարծում է ռուս փորձագետը:
«Շատ մեծ էին սպասումները Կազանի հանդիպումից, որը, եթե չեմ սխալվում, կայացավ 2011թ.-ի հունիսի 24-ին: Եվ շատ փորձագետների համար պարզ դարձավ, որ սպասումները չարդարացան: Հիմա մեծ սպասումներ չկան, այդ պատճառով հիասթափություններ ևս չեն լինի», - ավելացրել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-