ԼՂՀ-ն ողջունում է Լոնդոնի պատրաստակամությունը՝ Շոտլանդիայի կարգավիճակի հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու հարցում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացնելու հարցում:
«Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն»,- ասվում է Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի առթիվ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են:
«Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ և արժանանա համաշխարհային հանրության միանշանակ և կոշտ գնահատականին»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանության մեջ:
«Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի և մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման և մարդու իրավունքների հարգման առումով»,-ընդգծվում է փաստաթղթում: -0-