Հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է. ԼՂՀ նախագահ
Հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, ինչը հանդիսանում է ահաբեկչության դրսևորումներից մեկը, նախօրեին Արգենտինայի խորհրդարանի պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի և մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է, և Արցախը շահագրգռված է տարբեր ոլորտներում նրա հետ կապերի զարգացման ու խորացման մեջ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արգենտինային 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման համար` հավելելով, որ դա մեծ քաղաքական և բարոյական հաղթանակ էր ողջ քաղաքակիրթ մարդկության համար:
Արգենտինացի խորհրդարանականները կարևորել են ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումը և ընդգծել, որ տեղյակ են Արցախում պետականաշինության գործընթացի մասին` բարձր գնահատելով հատկապես ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ մեր հանրապետության ձեռքբերումները:
Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման և այս ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: -0-