ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում ուրուգվահայ համայնքի դերն Արցախի շենացման գործում

02.12.2011, 18:39
ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում ուրուգվահայ համայնքի դերն Արցախի շենացման գործում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին  Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտևիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ուրուգվահայ համայնքի դերը Արցախի շենացման գործում` ընդգծելով, որ Ուրուգվայում ապրող մեր հայրենակիցներն ակտիվ մասնակցություն ունեն մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Հանդիպումից հետո նախագահ Սահակյանն այցելել է Մոնտևիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի և հայ համայնքի մի խումբ անդամների հետ:

Այնուհետև համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Բակո Սահակյանն այցելել է Մոնտևիդեոյի Արմենիա հրապարակ և ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: -0-