ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի 2012 թվականի փետրվարին Ստեփանակերտում

28.11.2011, 12:06
ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի 2012 թվականի փետրվարին Ստեփանակերտում
ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի 2012 թվականի փետրվարին Ստեփանակերտում

ԼՂՀ հռչակման 20-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը հետաձգվել է նախապես ծրագրված դեկտեմբերի առաջին կեսից մինչև 2012 թվականի փետրվար, հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:  

«ԼՂՀ հռչակման 20-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձին նվիրված՝ «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովի  նախապես սահմանված ժամկետները երկարաձգելու կարիք կա՝ կապված կազմակերպչական աշխատանքների շարունակման և դրսից հրավիրված մասնակիցների ներկայությունն ապահովելու  հետ: Գիտաժողովը կանցկացվի Արցախի վերածննդի օրվա, Ղարաբաղյան շարժման 24-րդ տարեդարձի նախաշեմին»,- նշել է Ղուլյանը ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստում:

Ներկայումս, նրա խոսքով, ընթացքի մեջ են գիտաժողովի մասնակիցների կազմի, ինչպես նաև զեկուցումների ու ելույթների թեմատիկ ընդգրկումների ճշտման աշխատանքները, որոնք իրականացնում է նախորդ նիստում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը՝ համաձայն մշակված  ժամանակացույցի:

Միևնույն ժամանակ Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարը հայտնեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակի վերջերին կիրականացվեն տարվա ծրագրով նախատեսված մի շարք միջոցառումներ՝ նվիրված Անկախության հանրաքվեի 20-րդ տարեդարձին և Սահմանադրության օրվան:

«Մասնավորապես, ԼՂՀ Ազգային Ժողովում կկայանա գիտագործնական կոնֆերանս, թեմատիկ ինտելեկտուալ խաղեր, տոնական համերգ և այլն»,- ասել է Ղուլյանը:

Ղարաբաղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը նշվում է սեպտեմբերի 2-ին, իսկ ԼՂՀ Սահմանադրության օրը՝ դեկտեմբերի 10-ին: -0-