Ստեփանակերտը կարևորում է համագործակցությունը Ամերիկայի Հայկական Համագումարի հետ. ԼՂՀ նախագահ

24.11.2011, 16:46
Ստեփանակերտը կարևորում է համագործակցությունը Ամերիկայի Հայկական Համագումարի հետ. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտը կարևորում է համագործակցությունը Ամերիկայի հայկական համագումարի հետ և նշում է  երկկողմ համագործակցությանը նոր որակ հաղորդելու և ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման և Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և  Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: -0-