Ղարաբաղի նախագահը բարձր է գնահատել ԼՂՀ աջակցության ծրագրերում սփյուռքի դերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոս Անջելես քաղաքում «Հեռուստամարաթոն-2011»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառման ելույթի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել հանրապետության աջակցության ծրագրերին սփյուռքի դերը, հաղորդում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Պատերազմի դժվար տարիներին դուք մեր կողքին եք եղել, երբ մենք մեր նախնիների հողը պաշտպանելով՝ մահացու պայքար էինք տանում քանակապես մեզ գերազանցող թշնամու դեմ, որը նաև սպառազինման առավելություն ուներ: Դուք նաև պատերազմից հետո եք մեր կողքին եղել, երբ մենք վերականգնում էինք ավերված երկիրը և ապաքինվում էինք զրկումների և կորուստների հետևանքներից»,- ասել է Սահակյանը:
Նա ընդգծել է, որ Սփյուռքն այսօր էլ Արցախի կողքին է, «երբ մենք ժամանակակից, ժողովրդավարական, կայուն զարգացող և վստահորեն առաջ ընթացող պետություն ենք կառուցում»:
«Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ապագան լուսավոր, բարգավաճող և հաղթական է լինելու, որ մեր վաղվա օրն այսօրվանից լավն է լինելու: Վստահ եմ, քանի որ մեր ժողովուրդն արժանի է դրան: Վստահ եմ, քանի որ դրան հասնելու համար մենք անդրդվելի կամք, միասնության ոգի և այնպիսի հայրենասերների հզոր բանակ ունենք, ինչպիսին դուք եք: Դա մեր ժողովրդի արժանապատվությունն ու հարստությունն է, որի պահպանումն ու հետագա ամրապնդումը յուրաքանչյուր հայի պարտքն է»,- ընդգծել է նախագահը:
Լոս Անջելես քաղաքում «Հեռուստամարաթոն-2011»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Սփյուռքի հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ: -0-