ԼՂՀ ԱԺ 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կանցկացվի հոկտեմբերի 26-ին
Հոկտեմբերի 26-ին նախատեսված ԼՂՀ ԱԺ 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցը քննարկվել է նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում լսվել են մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ:
Մասնավորապես նշվել է, որ խնդրո առարկա օրինագծերը հիմնականում քննարկվել են մշտական հանձնաժողովներում, ինչպես նաև անցկացվել են խորհրդարանական լսումներ պետական կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի առնչությամբ։
Մտքերի փոխանակության արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Քննարկումներին մասնակցել են մշտական հանձնաժողովների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները:
Կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել «Կերի մասին», «Մեղվաբուծության մասին» օրինագծերը, պետական կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթը, ինչպես նաև նախատեսվում է փոփոխություններ և ուղղումներ մտցնել ԼՂՀ «Փրկարար ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Ոստիկանական ծառայության մասին», «Արտոնագրման մասին» և «Պետական ունեցվածքի մասին» օրենքներում:
Նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ կներկայացվի ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2012-2014 թթ.-ի եռամյա ծրագիրը: Բացի օրենսդրական նախաձեռնություններից, Ղարաբաղի խորհրդարանը կքննարկի նաև պետական միջնաժամկետ ծախսերի 2012-2014 թթ.-ի ծրագիրը:-0-