Մեդվեդև. «Ռուսաստանը կշարունակի օգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը»

24.10.2011, 16:12
Մեդվեդև. «Ռուսաստանը կշարունակի օգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը»

Ռուսաստանը հետագայում ևս մտադիր է աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին, իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Մեր բանակցությունների կարևոր թեման կայունության ամրապնդումն է Անդրկովկասում»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի գնահատականներ է փոխանակել Սարգսյանի հետ: «Ես անձամբ համոզված եմ, որ հակամարտության  արդար լուծման հնարավոր է հասնել միայն քաղաքական ճանապարհով»,- նշել է ռուսական պետության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին քիչ բան չի արվել այդ ուղղությամբ: «Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես աջակցել բանակցային գործընթացին որպես Մինսկի խմբի (ԵԱՀԿ) համանախագահ և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ  ունեցած ուղիղ կապերի գծով»,- հավաստիացրել է Մեդվեդևը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-