Արցախի խորհրդարանի խոսնակն ընդունել է ինքնորոշված պետությունների բուհերի ռեկտորներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է Ինքնորոշված պետությունների համալսարանների ընկերակցության խորհրդի մի խումբ անդամների՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պետհամալսարանի ռեկտոր, ընկերակցության խորհրդի նախագահ Ստեփան Բերիլին, Աբխազիայի պետհամալսարանի ռեկտոր Ալեքո Գվարամիային, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանին և նրանց ուղեկցող անձանց։
Ինչպես հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջերս Ստեփանակերտում կայացած Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի խորհրդի նիստում քննարկված թեմաներին:
Ողջունելով միջբուհական այդ միջոցառումը` ԱԺ նախագահն իր խոսքում նշեց, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են ամենայն կերպ աջակցել և նպաստել ասոցիացիայում ընդգրկված կրթական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու արդյունավետության ապահովմանը։
Զրույցին մասնակից ռեկտորներն իրենց հերթին ներկայացրին արդեն չորրորդ տարին գործող ընկերակցության նպատակներն ու խնդիրները, համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, նշեցին այդ ուղղությամբ իրենց ներկա և հետագա անելիքները։
Հանդիպմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, ԱրՊՀ պրոռեկտորներ՝ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը և Արտեմ Աբրահամյանը։ -0-