Ուսուցչի օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը և Մարտունու N1 միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթության աջակցության գծով տնօրենի տեղակալ Վլադիկ Շիրինյանը պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Պետության ղեկավարի հրամանագրով, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անուշիկ Ավետիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Սեյրան Բաղրյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Արտո Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուբա Մայիլյանին և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանին Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել: -0-