Ամերիկացի կոնգրեսմենը հայտնել է Ղարաբաղի միջազգային ճանաչման ջանքերին իր աջակցության մասին

09.09.2011, 18:00
Ամերիկացի կոնգրեսմենը հայտնել է Ղարաբաղի միջազգային ճանաչման ջանքերին իր աջակցության մասին

Ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնե կրտսերը ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, որտեղ հայտնել է Ղարաբաղի անկախության միջազգային  ճանաչման ջանքերին իր աջակցության մասին:

«Հարգելի պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ժողովրդին և անձնապես Ձեզ ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ, որը անկախության համար ձեր պայքարի  ևս մեկ կարևոր ուղենիշ է խորհրդանշում»,- ասվում է ուղերձում:

Կոնգրեսմենը նշել է, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հայտարարել է ազատ և ժողովրդավարական պետություն կառուցելու իր մտադրության մասին և հաստատուն քայլերով գնում է  այդ ճանապարհով:

«Դուք հաջողությամբ պաշտպանել եք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ խիզախ որդիներ և դուստրեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի ազատության: Արդար գործի նկատմամբ ձեր հաստատուն հավատը և տոկունությունը ձեզ հետագա հաղթանակներ են բերել  պատերազմից ավերված տնտեսության վերականգնման, ժողովրդավարության ամրապնդման և կայուն զարգացման ու բարգավաճման համար ամուր հիմքերի ստեղծման գործում»,- ասվում է նամակում:

Իր նամակում կոնգրեսմենն ընդգծում է, որ «անցած 20 տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) ապացուցել է իր կենսունակությունը, իր ամուր նվիրվածությունը ազատության, խաղաղության և ժողովրդավարության համընդհանուր արժեքներին»:

«Ես բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության և կայունության   հաստատման նկատմամբ ձեր կառուցողական մոտեցումն ու հետևողական աջակցությունը և վստահեցնում Ձեզ Արցախի անվտանգության և զարգացման գործին մեր հաստատուն նվիրվածության մեջ: Հպարտության զգացումով ես կանգնած եմ ձեր կողքին դեպի ազատություն  տանող ձեր հերոսական ուղու վրա և աջակցում եմ ձեր ջանքերին`  հասնելու ձեր անկախության պաշտոնպես, միջազգայնորեն ճանաչմանը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ամբողջ աշխարհի վրա` որպես ձեր ժողովրդավարական երազանքի իրականացման վկայություն»,- նշված է Ֆրենկ Փալոնե կրտսերի նամակում: -0-